Ադանայի հայկական թաղամասը 20-րդ դարի սկզբին
Ադանայի հայկական թաղամասը 20-րդ դարի սկզբին։ Բացիկը հրատարակել է Գ. Միզրահին Ադանայում։ Կենտրոնում Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին է, որը 1840 թ. վերակառուցվել է 13-րդ դարի եկեղեցու տեղում, իսկ 20-րդ դարի սկզբին ընդարձակվել ու դարձել արքեպիսկոպոսի նստավայր։ Բլրի վրա գտնվելու պատճառով այն կոչվել է նաև «Վերին եկեղեցի»։
Հայերի տեղահանությունից հետո շենքն օգտագործվել է որպես զինապահեստ, 1923 թ. բռնագրավվել է, 1930-ական թթ. վերածվել կինոթատրոնի, իսկ 1970-ական թթ. քանդվել է։ 1909 թ. ապրիլին Ադանայի կոտորածի ժամանակ սպանվել են հազարավոր հայեր, այրվել են բազմաթիվ շենքեր։
Բացիկին երևում են խաչով պսակված բարձր զանգակատունը, հողե փողոցը՝ քարերի կույտերով, սայլեր և մի քանի մարդ։








