Վիվիեն Լին մանուկ հասակում
Բրիտանացի Վիվիեն Լին համարվում էր Հոլիվուդի ոսկե դարի ամենագրավիչ դերասանուհիներից մեկը։ Նրա իսկական անունն է Վիվիան Մերի Հարթլի։ Ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 5-ին Հնդկաստանում՝ անգլիացի զինծառայողի ընտանիքում, և ընտանիքի միակ զավակն էր։ Աղբյուրի համաձայն՝ նրա մայրը՝ Գերտրուդա Ռոբինսոն Յակջին, ուներ ֆրանսիական, իռլանդական և հայկական արմատներ։ Նա որոշ ժամանակ տնային տնտեսուհի էր, ապա խաղում էր փոքր թատրոնում։
Վիվիենն առաջին անգամ բեմ է բարձրացել 3 տարեկանում՝ բանաստեղծություն արտասանելով այն ներկայացումից առաջ, որում խաղում էր իր մայրը։ Մանկուց սիրում էր գրականություն, այդ թվում հունական դիցաբանություն, զբաղվում էր երաժշտությամբ ու պարով և վաղ տարիքից որոշել էր մեծ դերասանուհի դառնալ։ Փառքի և հաջողության ետևում նա թաքցնում էր հոգեկան և առողջական խնդիրներ։
Լուսանկարում գանգուր մուգ մազերով փոքրիկ աղջիկ է՝ ձեռքին վարդեր։








