Նվարդ Ձեռոն («Հայաստանի դուստրը»), 1912 թ.
Այս դիմանկարը 1912 թվականին ստեղծել է ամերիկացի նկարիչ Ռալֆ Էլմեր Քլարքսոնը։ Կտավում պատկերված է Նվարդ Ձեռոն-Քոշքարյանը՝ Խարբերդում ծնված երիտասարդ հայուհի, որը մանուկ հասակում տեղափոխվել էր ԱՄՆ։ Նկարը պահվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում և ի սկզբանե կոչվում էր «Նվարդ Ձեռոն»։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո այն հայտնի դարձավ նաև «Հայաստանի դուստրը» անվամբ։
Նվարդը երգչուհի էր։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվել են նրա կատարմամբ հայկական ժողովրդական երգեր՝ «Մանիր, մանիր, իմ չախարակ» և «Գնաց աշուն, եկավ գարուն»։
Կտավում նա պատկերված է ամբողջ հասակով, կողքից՝ երկար հյուսքերով, գլխին՝ ծաղկազարդ, ասեղնագործ կանաչ երկար վերնազգեստով և լայն տաբատով։ Մի ձեռքում համրիչ է, մյուսը դրած է գոտկատեղին։








