Կոմիտասի հուշարձանը Փարիզում
Կոմիտասի՝ հայ կոմպոզիտորի և երաժշտագետի հուշարձանը Փարիզում նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է։ Այն գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում՝ Ալբեր Առաջինի առափնյա պողոտայի մոտ, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հարևանությամբ։ Հարակից փոքր այգին 2009 թ. վերանվանվել է «Երևանի այգի»։
6 մետրանոց բրոնզե արձանը ստեղծել է հայ քանդակագործ և ճարտարապետ Դավիթ Երևանցին։ Կոմիտասը պատկերված է վանականի զգեստով, իսկ արձանի մարմնից կարծես դուրս է գալիս երեխայի գլուխ՝ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ։ Հուշարձանը բացել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն 2003 թ. ապրիլի 24-ին։
Պատվանդանին ֆրանսերեն և հայերեն փորագրված է. «Ի հիշատակ Կոմիտասի՝ կոմպոզիտորի, երաժշտագետի, և Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»։








