Համշենահայերը
Համշենահայերը (ինքնանվանումը՝ հեմշիլ) հայերի ենթաէթնիկ խումբ են, որոնց բնօրրանը Արևմտյան Հայաստանի Համշեն գավառն է՝ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում։ Ավանդության համաձայն՝ Համշենն անվանվել է Համամ իշխանի անունով։ Այնտեղ մինչ օրս ապրում են բազմաթիվ համշենահայեր։
Մեծ Եղեռնի ժամանակ փրկված համշենահայերը տեղափոխվել են Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և այլ երկրներ։ Այսօր նրանք հիմնականում ապրում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հարավում և Աբխազիայում, խոսում են արևմտահայերենի բարբառներից մեկով և քրիստոնյա են, իսկ Թուրքիայում համշենցիների մեծ մասն ընդունել է իսլամ։ Նրանք ունեն յուրահատուկ երաժշտություն և խոհանոց։ Համշենահայերի ընդհանուր թիվը հասնում է 400 000-ի։
Լուսանկարում ժպտացող, բաց աչքերով աղջիկ է՝ խոշոր գունավոր ծաղկանախշերով մուգ գլխաշորով։ Դեմքը շրջապատող սև շարֆը զարդարված է մանր մետաղյա սկավառակներով։








