Ռոս Բաղդասարյանը և սկյուռիկների պատմությունը
Ամերիկահայ Ռոս Բաղդասարյանը 1958 թ. ստեղծեց «Էլվինը և սկյուռիկները» հորինված երաժշտական խումբը, որը երկար տարիներ իրական երաժշտական ալբոմներ էր թողարկում։ Խմբի անդամները երեք հորինված սկյուռիկներ էին։ Բոլորի փոխարեն ինքն էր երգում՝ ձայնագրելով ձայները և ապա արագացնելով ձայնագրությունը, իսկ հանդիսատեսի առջև ելույթներում օգտագործվում էին տիկնիկներ։ Կերպարներն անվանվել էին «Լիբերթի Ռեքորդս» ընկերության ղեկավարների՝ տնօրեն Էլվին Բենեթի, հիմնադիր և սեփականատեր Սայմոն Ուորոնքերի և գլխավոր ինժեներ Թեոդոր Քիփի պատվին։
Բաղդասարյանի մահից հետո գործը շարունակեց նրա որդին՝ Ռոս Բաղդասարյան կրտսերը։ 1979 թ. նա և իր կինը հորինեցին սկյուռիկ աղջիկների կերպարները։ 2007–2016 թթ. նկարահանվեց երեք սկյուռիկների մասին չորս լիամետրաժ ընտանեկան կատակերգություն՝ հիմնված Ռոս Բաղդասարյան ավագի սկյուռիկների պատմության վրա։
Լուսանկարում ժպտացող Բաղդասարյանը գրկել է երեք սկյուռիկների մեծ պատկերը։








