«Սուրբ Տերունական» խաչքարը, Դսեղ
«Սուրբ Տերունական» (կամ «Գեղեցիկ») խաչքարը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Կարինջ գյուղի դիմաց, Մարց գետի կիրճի ձախ ափին։ Պետական ցուցակի համարը՝ 5.35.22։
Խաչքարը պատվանդանով հանդերձ 4,20 մ բարձրություն ունի և քանդակված է վարդագույն տուֆից։ Վերևում պատկերված է գահին նստած Փրկիչը, նրա երկու կողմերում՝ ՅՍ ՔՍ (Յիսուս Քրիստոս) հապավումները։ Խաչքարը դրված է եռաստիճան պատվանդանի վրա։ Այն համեմատաբար լավ վիճակում է, վնասված է միայն խաչի ձախ թևի ստորին մասը։ Ծաղկող խաչի տակ երկրագնդի խորհրդանշական պատկերն է (վնասված է քանդակի ստորին ձախ մասի զարդանախշը)։
Հուշարձանը թվագրվում է 13-րդ դարով, թեև այն կարելի է վերագրել նաև ավելի վաղ շրջանի։








