Փողոց Շուշիում
Մինչև 1920 թվականը Շուշին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մայրաքաղաքն էր և ուներ 40 հազար բնակիչ։ Քաղաքը բաժանված էր մահմեդական (տարածքի 35 տոկոսը) և հայկական (65 տոկոսը) մասերի։ Հայկական մասն ուներ 18 թաղամաս, 12 եկեղեցի, 7000 բնակելի շենք, դպրոցներ, 2 տպարան և 2 թատրոն։ Տները սպիտակ քարից էին՝ կարմիր կղմինդրե կամ մետաղե տանիքներով։
1920 թվականի մարտին բազմահազարանոց և լավ զինված թուրքական բանակը՝ քաղաքի մահմեդական մասի թաթարների աջակցությամբ, ջարդ կազմակերպեց հայկական թաղամասերում։ 3 օրում սպանվեց 6–10 հազար հայ, 2 հազարը գերի տարվեց, մնացածը փախավ։ Հայկական 18 թաղամասերը թալանվեցին և այրվեցին։ Ավերակները ավելի քան 40 տարի ամայի էին, մինչև որ 1961 թվականին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց դրանք հողին հավասարեցնել և տեղում հնգհարկանի շենքեր կառուցել։
Լուսանկարում սալարկված փողոց է, աջում՝ երկհարկանի քարե շենք, ձախում՝ կղմինդրե տանիքներով տներ։ Փողոցում տղաներ են կանգնած։








