Տուշպա՝ Ուրարտուի մայրաքաղաքը
Մոտ մ.թ.ա. 844 թվականին Ուրարտուի գլուխ անցավ Սարդուրի I-ը (Լուտիպրիի որդին), որը Վանա լճի արևելյան ափին կառուցեց նոր մայրաքաղաք Տուշպան և մայրաքաղաքի մատույցներում ստեղծեց պաշտպանական ամրոցների մի ամբողջ ցանց։ Տեղի ընտրությունը, ըստ երևույթին, կապված էր այն բանի հետ, որ այստեղ ուրարտական արևի աստված Շիվինիի պաշտամունքի հին կենտրոն կար։
Վանի ժայռի արևմտյան ստորոտին պահպանվել է խոշոր բերովի քարերից շարված պարիսպ (քարերի երկարությունը հասնում է 6 մետրի, բարձրությունը՝ 1 մետրի)։ Նրա վրա ասորեստաներեն արձանագրությունները վկայում են, որ ամրոցը կառուցել է Սարդուրի արքան՝ Լուտիպրիի որդին։ Սարդուրի I-ի օրոք Ասորեստանի արշավանքներն այլևս չէին հասնում մայրաքաղաքին։
Լուսանկարում ժայռի գագաթին երևում են ամրոցի պարիսպների ավերակները։








