Հայ ընծայաբերները Պերսեպոլիսի բարձրաքանդակում
Պերսեպոլիսը՝ Աքեմենյան կայսրության (մ.թ.ա. 550–330) հին մայրաքաղաքը, գտնվում է ներկայիս Իրանի տարածքում և հայտնի է մանրակրկիտ բարձրաքանդակներով։ Դրանցից մեկում պատկերված են Դարեհ արքայի իշխանության տակ գտնվող տարբեր ժողովուրդների ընծայաբերները, որոնց թվում նշանավոր տեղ ունեն հայերը։
Ապադանայի արևելյան սանդուղքին պատկերված հայկական պատվիրակությունը բաղկացած է երեք հոգուց։ Նրանց ընծաներն են ձին և գրիֆոնի պատկերով նրբագեղ անոթը։ Պատվիրակությանն առաջնորդում է պարսիկ ազնվական։
Բարձրաքանդակի աջ մասում բարձր գլխարկով և գավազանով մարդն է, որը ձեռքից բռնել է իր հետևից եկողին։ Կենտրոնում ձին սանձից բռնած մարդն է, իսկ ձախում՝ անոթը ձեռքերում պահող մարդը։








