Վահան Չերազը սկաուտական համազգեստով
Վահան Չերազը հայտնի հայ մարզիկ էր և Կոստանդնուպոլսում ու Հայաստանի Հանրապետությունում սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։ Նա «Հոմենետմեն» հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիրներից էր։ Չերազն առաջինն է ֆուտբոլը բերել Օսմանյան կայսրություն, ստեղծել է ֆուտբոլային թիմեր և խաղեր կազմակերպել։ 1908 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծված «Թորք» հայկական ակումբում նա ֆուտբոլային թիմի առաջատար խաղացողն էր։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, մեկնել է Թիֆլիս (Թբիլիսի), անդամագրվել Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ հայ կամավորական ջոկատին և մինչև 1919 թվականը մասնակցել մարտերին։ 1920 թվականին կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով տեղափոխվել է Գյումրի։ Խորհրդային տարիներին աշխատել է ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեում, խնամել որբերին, կազմակերպել սկաուտական և մարզական խմբեր։ 1927 թվականին ձերբակալվել է Գյումրիում, իսկ 1928 թվականի հունվարի 9-ին գնդակահարվել Թիֆլիսում։
Լուսանկարում նա սկաուտական համազգեստով է՝ լայնեզր գլխարկով, վզաշորով և կարճ տաբատով, ձեռքերում փայտ է։








